Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

....

28.10.2008 | 00:00

Մադրիդյան «ոճով»
Իրազեկ աղբյուրների հավաստմամբ՝ իշխանությունն իր ամբողջ ապարատը մոբիլիզացրել է, վերջինիս առջև խնդիր դնելով նախապատրաստել հասարակական կարծիքը՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հավանական տարբերակի շուրջ։ Խոսքն ամենից առաջ մադրիդյան հայտնի բանաձևի շրջանակներում համաձայնագիր ստորագրելու «տեսլականի» մասին է, ինչն էլ հանրությանը տեսանելի դարձնելու համար գործի են դրվելու տպագիր և էլեկտրոնային իշխանամետ լրատվամիջոցների բոլոր ռեզերվային հնարավորությունները։ Հանրային կարծիքը պետության առաջին դեմքի մակարդակով ուղղորդելու անդրանիկ քայլ կարելի է դիտարկել Հ1-ին տված Սերժ Սարգսյանի կիրակնօրյա հարցազրույցը, որի ընթացքում առաջին անգամ պարզորոշ խոսվեց փոխզիջումների այն սահմանների մասին, որոնց առկայության դեպքում միայն ՀՀ իշխանություններն Ադրբեջանի ղեկավարության հետ կնստեն հաշտության սեղանի շուրջ ու կստորագրեն տարիներ շարունակ չարչրկվող համաձայնագիրը։

Կրիմինալը դարձյալ աշխուժանում է
Վերլուծական որոշ շրջանակներ միանգամայն օրինաչափ են համարում այն իրողությունը, որ, ԼՂՀ հարցի հերթական սրացմանը զուգընթաց, հանրապետությունում սրվում է նաև քրեածին իրավիճակը (Էջմիածնում, Ստեփանավանում, Սպիտակում հնչած կրակոցներն ու մարդկային զոհերն ասվածի ողբերգական փաստագրումն են)։ Ըստ այդմ, վերլուծաբանները հակված են կարծելու, թե հանրապետության ներսում և նրա սահմաններից դուրս կան որոշակի ուժեր, որոնք փորձում են ԼՂՀ հակամարտության կարգավորմանը միտված այս ծանր փուլում ապակայունացնել իրավիճակը հենց կրիմինալ ռեզերվի ներգրավմամբ։

Աչքը վախեցած է
ԼՂՀ հակամարտության կարգավորման «գետնին վրա» եղած տարբերակներից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ամենից շատ խրտնեցնում է ռուսական «վարիանտը», որը նախատեսում է հայ-ադրբեջանական շփման գոտում ռուս խաղաղապահ ուժերի տեղակայում։ Նման հեռանկարը Ալիև-կրտսերին ձեռք չի տալիս նախ և առաջ այն պարզ պատճառով, որ վերջինիս հիշողության մեջ դեռ թարմ են հարավօսական և աբխազական արյունոտ դեպքերը։ Ոչ առանց հիմքի՝ Ադրբեջանի նախագահը մտավախություն ունի, որ անհրաժեշտության դեպքում ռուսներն այդ սցենարը կկրկնեն հենց իր քթի տակ՝ միջազգային հանրության աչքում դարձնելով իրեն նույնքան անցանկալի անձ, որքան Միխեիլ Սաակաշվիլուն։
Լ. ՄԱՐՏՈՅԱՆ

Ձեր գործին կացեք
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր պետք է տեղի ունենար վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական այցը Վրաստան։
Հասկանալի պատճառներով այցը չկայացավ. Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնանկ է արել վարչապետ Լադո Գուրգենիձեին։ Հիշենք, որ վերջինիս նախ մեղադրեցին ռուսական ԶԼՄ-ները. նա Անթալիայում արևահարվում էր հենց այն ժամանակ, երբ Ցխինվալի փողոցներում Վրաստանը կենաց-մահու կռիվ էր մղում։ Սակայն հրաժարականի իրական պատճառը դա չէ։ Գուրգենիձեն պատրաստակամ էր միանալու ընդդիմությանը, իսկ առավել ստույգ՝ պաշտպանելու Նինո Բուրջանաձեին, ով երեկ հայտարարեց, թե վերադառնում է ակտիվ քաղաքականություն։
Ոնց տեսնում ենք, Միխոյի բախտը չի բերում իր ջահել զինակիցների հարցում. սկզբում Օքրուաշվիլին էր, հիմա էլ՝ Գուրգենիձեն։
Դառնանք մեր «երիտասարդներին»։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր հետ Վրաստան մեկնող աշխատանքային խմբին ու նախարարներին տեղեկացրել է, թե Վրաստանից իրեն զանգահարել-հայտնել են, որ այցը հետաձգվում է, և որ նրանք կարող են զբաղվել իրենց ամենօրյա աշխատանքով: Այս մասին «Իրավունքը de facto»-ի հետ զրույցում ասաց կառավարության մամլո խոսնակ Դիանա Մնացականյանը։ Իսկ «ե՞րբ կկայանա այցը» հարցին էլ պատասխանը եղավ՝ դեռ հայտնի չէ։
Կ. ԴԱՎԹՅԱՆ

«Գոյամարտ» բարեգործականը՝ նոր քաղաքական ուժ
Հոկտեմբերի 25-ին «Գոյամարտ» համազգային կուսակցության առաջին համագումարն էր։ Նորաստեղծ կուսակցության նախագահ ընտրվեց «Գոյամարտ» բարեգործական միության հիմնադիր-տնօրեն ՍԵՐՅՈԺԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ։
Ինչո՞ւ է 1998-ին ձևավորված բարեգործական կազմակերպությունը վերածվում քաղաքական կուսակցության։ Սերյոժա Ղազարյանի պնդմամբ՝ «ժամանակը բախտորոշ է, մեկ անգամ արդեն ազգադավ գործունեություն ծավալած երրորդ հանրապետության առաջին նախագահը դարձյալ ձգտում է իշխանության»։
«Մենք հետամուտ ենք լինելու, որ երկրին հասցրած վնասների, քաղաքացիների անձնական ավանդների թալանի համար մեղավորներին կանչեն պատասխանատվության և ապահովեն հասցրած վնասների լիարժեք հատուցումը»,- ասում է նորաստեղծ կուսակցության ղեկավարը, հավելելով, որ իրենք լինելու են ընդդիմություն, բայց ոչ՝ գունավոր հեղափոխություն իրականացնող, և որ չեն ձգտում իշխանության։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Վարակի պատճառը ջուրն է
Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հոկտեմբերի 24-ի դրությամբ հոսպիտալացվել է 69 հիվանդ: Քաղաքում շարունակվում են հիգիենիկ-հակահամաճարակային անհրաժեշտ միջոցառումները: Վերջին օրերին աղեստամոքսային գանգատներով Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել քաղաքի տարբեր թաղամասերի բնակիչներ: Դիտվում են ջերմություն, փսխում, լուծ: Հիվանդներին վաղ հայտնաբերելու համար կազմակերպվում են բակային շրջայցեր: Կրկնակի դեպքերը բացառելու նպատակով բոլոր հիվանդների տներում ախտահանման աշխատանքներ են կատարվում: Վանաձորում ուժեղացվել է խմելու ջրի համակարգի հսկողությունը, իրականացվում է խմելու ջրի գերքլորացում, մնացորդային քլորի քանակությունը հասցվել է առավելագույնի:
Ըստ առողջապահության նախարարության` Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների թվի ավելացում չի նկատվում։ Դուրս գրված հիվանդները գտնվում են առողջության պահպանման առաջնային օղակի հսկողության ներքո։ Իրավիճակը հանգիստ է։ Վարակի տարածման հավանական պատճառ է հանդիսանում ջուրը։ Բացառվել է սննդային գործոնը։ Չնայած այդ հանգամանքին՝ ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են։ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մանրէաբանական լաբորատորիայում 25 հիվանդի հետազոտության արդյունքում անջատվել է պայմանական ախտածին հարուցիչ՝ փսևդամոնա աերոգինոսա։
Լ. Գ.

Դիտվել է՝ 3230

Մեկնաբանություններ